Блог

Արևային հեղափոխություն. ինչպես է արևային էներգիան փոխում աշխարհը

Արևային հեղափոխություն

Վերջին տարիներին աշխարհի քաղաքացիները էլ ավելի աչալուրջ են մոլորակի չվերականգնվող ռեսուրսների պահպանման նկատմամբ։ Մարդկությունը հետզհետե անցում է կատարում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման, ինչին  անմասն չէ նաև էլեկտրամատակարարման բնագավառը։ Արեգակնային էներգիայի փոխակերպումը նման էր հեղափոխության, որ բարեշրջեց էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման եղանակը՝ ճանապարհ հարթելով ավելի մաքուր և առողջ միջավայրի համար: Ստորև կներկայացնենք, թե ինչպես է արևային էներգիան փոխում աշխարհը, մարդկանց կյանքի որակը, և ինչու է այն դարձել առանցքային ուժ կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարում:

Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում

Ինչպես հայտնի է՝ CO2 գազի արտանետումները ազդում են ջերմացման բնական ընթացքի վրա՝ ստեղծելով միջին ջերմաստիճանի աճի միտում ու ջերմոցային էֆեկտ, մինչդեռ արևային կայանները էլեկտրաէներգիա են արտադրում առանց վնասակար ջերմոցային գազերի արտանետման՝ մեղմելով կլիմայի փոփոխության և օդի աղտոտվածության հետևանքները:

Արևայինի անցնելու շահավետություն

Արևային կայանի ձեռքբերումը և կանաչ էներգիային անցումը նպաստում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանմանը, այլև սեփական միջոցների խնայողությանը։ Յուրաքանչուր անհատ և բիզնես, անցում կատարելով արեգակնային էներգասպառման, մեկ անգամ վճարում է կայանի դիմաց և էլեկտրաէներգիան անվճար օգտագործում ընդմիշտ։ Սովորաբար՝ գումարի հետգնումը տևում է 3-4 տարի, այսինքն՝ ներդրված գումարը 3-4 տարում փոխհատուցվում է՝ հոսանքի դիմաց գումար չվճարելու արդյունքում, և ինչ-որ պահից սկսած՝ էներգասպառման ծախսն իսպառ զրոյանում է։

Վերոնշյալից զատ, արևային վահանակի առկայությունը որևէ շինության վրա՝ լինի բնակելի տուն թե արտադրամաս, անհամեմատ նպաստում է այդ կառույցի գնաճին, այսինքն՝ արևային էներգիան ուղղակիորեն բարձրացնում է կապիտալի արժեքը։

Էներգետիկ անկախություն և հզորացում Արևային էներգիան անհատներին, ինչպես նաև ցանկացած տեսակի բիզնեսի ապահովում է էներգետիկ անկախությամբ։ Տանիքների վրա տեղադրված արևային մարտկոցներով աշխատող կայանները հնարավորություն են տալիս արտադրել և կուտակել էլեկտրաէներգիա, որն ապահովագրում է հոսանքազրկումներից: Այսինքն՝ այս պարագայում սպառողը ոչ միայն գումար է տնտեսում, այլև

էլեկտրամատակարարման հետ կապված կողմնակի անհարմարությունները հասցնում է նվազագույնի։

Աշխատատեղերի ստեղծում և տնտեսական աճ

Արևային հեղափոխությունը բարենպաստ է ոչ միայն  շրջակա միջավայրի, այլև համաշխարհային տնտեսության համար:

Ոլորտի սրընթաց զարգացումը հանգեցրել է նոր աշխատատեղերի ստեղծման աճի՝ խթանելով կայուն զբաղվածություն: Արևային վահանակների և փոխակերպիչների արտադրությունից մինչև տեղադրում ու սպասարկում իրականացնում են արևային ընկերությունների աշխատակիցները՝ վաճառքի մասնագետ, ինժեներ, շուկայագետ, մշտադիտարկող, վարորդ, չափագրող․․․ Հայաստանի Հանրապետությունում ներկայում կա շուրջ 35 արևային ընկերություն, ստացվում է՝ միջինը 2000 աշխատատեղ ապահովել է միայն այս ոլորտը, նպաստելով երկրում դրամաշրջանառության աճին ու առհասարակ՝ տնտեսության զարգացմանը։

Համամարդկային արժեք

Արևային հեղափոխությունը պարզապես իրավիճակային լուծում, անցողիկ միտում չէ։ Այն հիմնովին փոխել է էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տրամաբանությունը: Աշխարհում կան բազում երկրներ, որտեղ արևային էներգիայի օգտագործման տարածվածությունը հատել է 90%-ի շեմը, օրինակ՝ Կոստա Ռիկան, Պորտուգալիան, Դանիան և այլն։ Այս միտումը ոչ միայն առաջընթացի ցուցիչ է, այլև պարարտ հող գալիք սերունդների համար՝ ապահովելու ավելի լավ մոլորակ։